Ապրիլի 14-16-ը Երևանում ընթանում է «Կանայք Կովկասում. խաղաղության, պատերազմի և բռնության քաղաքականությունը» թեմայով տարածաշրջանային երկրորդ կոնֆերանսը, որին մասնակցում են ինչպես տեղացի, այնպես էլ Վրաստանից, Դաղստանից ժամանած փորձագետներ, իրավապաշտպաններ: Մալիկատ Ջաբիրովան Դաղստանի «Մայր և երեխա» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավարն է, «Երիտասարդ կանայք Կովկասում խաղաղության համար» մրցանակակիր:
irates.am-ը Մալիկատ Ջաբիրովայից հետաքրքրվեց, թե Դաղստանում կանանց իրավահավասարության հետ կապված ինչ խնդիրներ են ծագում, և ինչպես են կանայք փորձում հաղթահարել դրանք:
«Մեր երկրում կանանց իրավահավասարության թեման ընդհանրապես չի արծարծվում: Դա շատ փակ թեմա է: Ավանդական մտածելակերպի համաձայն՝ կինը միշտ գտնվում է տղամարդու թիկունքում, նա չի կարող լինել նրա կողքին»,- ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպությունները չեն փորձում բարձրաձայնել կանանց իրավունքների խախտման մասին:
«Մեր կազմակերպությունն ամեն կերպ փորձում է պաշտպանել կանանց իրավունքները, ամեն ինչ անում է, որ կանայք ներգրավված լինեն հասարակական գործունեության մեջ, հասնեն բարձր դիրքի: Կանայք դիմում են մեզ, որպեսզի պաշտպանենք իրենց իրավունքները: Նրանք, սակայն, նախընտրում են, որ ամեն ինչ գաղտնի մնա, չլուսաբանվի: Կանայք ուզում են, որ մենք ցուցաբերենք հոգեբանական աջակցություն, բայց իրենք պատրաստ չեն գնալու մինչև վերջ: Նրանք չեն դիմում տարբեր ատյանների՝ հասնելու հարցի իրավական լուծմանը»,- նշեց Մալիկատ Ջաբիրովան:
Մեր զրուցակցի ասելով՝ չկան վիճակագրական հստակ տվյալներ, թե Դաղստանում կանայք ինչ ներգրավվածություն ունեն երկրի օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում:
«Չկան տվյալներ, որովհետև շատ քիչ են, մեկ-երկու հոգի են ներգրավված այդ մարմիններում»,- ասաց նա:
Մալիկատ Ջաբիրովան տեղեկացրեց, որ երկրի նոր նախագահը՝ Ռամազան Աբդուլատիպովը աջակցում է կանանց նախաձեռնություններին և ստեղծել է կանանց կազմակերպություններին միավորող ցանց, որը կաջակցի նրանց աշխատանքներին:
Ըստ մեր զրուցակցի՝ երկրի նոր նախագահը հանդիպել է կանանց կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայտարարել, որ նրանք պետք է ներգրավված լինեն կառավարությունում, իշխանության տարբեր օղակներում, քանի որ կանայք ավելի գրագետ են ու պարտաճանաչ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ